Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Վենեսուելայից մինչև Իրան․ կեղծ զուգահեռ

Վենեսուելայից մինչև Իրան․ կեղծ զուգահեռ
05.01.2026 | 12:17

Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ Իրանում ընթացող բողոքի ակցիաների և Վենեսուելայի շուրջ զարգացումների ֆոնին, մի շարք վերլուծաբանների մոտ ձևավորել են այն տպավորությունը, թե ԱՄՆ նախագահը նախապատրաստում է հերթական ռազմական սցենարը՝ այս անգամ Իրանի ուղղությամբ։

Այդ ընկալումը, սակայն, ավելի շատ պայմանավորված է Թրամփի կոշտ և սադրիչ հռետորաբանությամբ, քան իրական ռազմաքաղաքական հաշվարկով։

Խոսելով Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին՝ Թրամփը հայտարարել է, որ եթե իրանական իշխանությունները «կրակեն և դաժանորեն սպանեն խաղաղ ցուցարարներին, ինչպես դա իրենց սովորական պրակտիկան է», ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները «կհասնի նրանց օգնության»՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը «լիակատար մարտական պատրաստվածության մեջ է» և «պատրաստ է գործել»։ Իսկ Վենեսուելայի շուրջ իրականացված գործողություններից անմիջապես հետո նա մեկ այլ ուղերձ է հղել՝ նշելով, որ «այն, ինչ տեղի ունեցավ Մադուրոյի հետ, կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ»՝ սա ներկայացնելով որպես դաս և նախազգուշացում բոլորի համար։

Այս երկու հայտարարությունների հաջորդականությունը շատերի կողմից մեկնաբանվել է որպես ուղիղ ակնարկ այն մասին, թե Վենեսուելայից հետո Թրամփի հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրանը։ Սակայն նման եզրահանգումը կառուցված է արտաքին հռետորական նմանությունների վրա և անտեսում է ռազմաքաղաքական իրականության խորքային տարբերությունները։

Վենեսուելայի դեպքում Թրամփի խոսույթն ու գործելաոճը ամբողջությամբ տեղավորվում են Մոնրոյի դոկտրինի տրամաբանության մեջ, որը նա փորձել է վերակենդանացնել և հարմարեցնել սեփական քաղաքական օրակարգին։

Լատինական Ամերիկան Թրամփի ընկալմամբ ԱՄՆ-ի անմիջական ազդեցության գոտին է, որտեղ Վաշինգտոնը իրեն իրավունք է վերապահում կոշտ միջամտության։ Վենեսուելան այդ շրջանակում ընկալվում է որպես թույլ և մեկուսացված պետություն՝ տնտեսական կոլապսի, սահմանափակ ռազմական կարողությունների և արտաքին անվտանգության իրական երաշխիքների բացակայության պայմաններում։

Իրանը, սակայն, բոլորովին այլ քաղաքական և աշխարհաքաղաքական քաշային կարգում է։ Այն ունի կայացած պետական համակարգ, բազմաշերտ ռազմական և անվտանգային կարողություններ, ինչպես նաև տարածաշրջանային ազդեցության լայն և կայուն մեխանիզմներ։ Ամենակարևորը՝ Իրանն այնպիսի պետություն է, որի շուրջ խաչվում են այլ գլոբալ ուժային կենտրոնների շահերը։

Չինաստանի և Ռուսաստանի համար Իրանը երկրորդական դերակատար չէ, այլ գլոբալ ուժային հավասարակշռության կարևոր հանգույց, և նրա դեմ ԱՄՆ-ի լայնամասշտաբ ռազմական գործողությունը անխուսափելիորեն կվերածվի ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ճգնաժամի՝ անկանխատեսելի հետևանքներով։

Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմի ընթացքում արձանագրված զարգացումները, ցույց են տվել, որ օդային հարվածները Իրանի պարագայում չեն ապահովում ռազմավարական ճեղքում։ Ընդհակառակը՝ արտաքին ռազմական ճնշումը հակառակ արդյունք է տալիս՝ կոնսոլիդացնելով իրանական հասարակությանը և ամրապնդելով ներքին համախմբումը։ Իսկ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունը Իրանի դեմ դժվար է գնահատել այլ կերպ, քան ռազմաքաղաքական արկածախնդրություն՝ մեծ մարդկային, քաղաքական և տարածաշրջանային կորուստներով։

Թրամփի արտաքին քաղաքական վարքագիծը հիմնված է ուժի ցուցադրման, կոշտ հայտարարությունների և մշտական ճնշման վրա, սակայն առանց այն սահմանը հատելու, որտեղ ռիսկերը դառնում են անկառավարելի։ Նրա հռետորաբանությունը հաճախ ծառայում է որպես զսպման և բանակցային դիրքերի ուժեղացման գործիք, այլ ոչ թե որպես իրական պատերազմի անխուսափելի ազդակ։

Այս տրամաբանության մեջ Իրանը կարող է շարունակել մնալ պատժամիջոցների և քաղաքական ճնշման թիրախ, բայց ոչ այն ուղղությունը, որտեղ Թրամփը կգնա լայնամասշտաբ ռազմական արշավի։

Հետևաբար, Վենեսուելայի և Իրանի միջև անցկացվող զուգահեռները կարող են արդյունավետ լինել քարոզչական դաշտում, սակայն չեն կարող հիմք հանդիսանալ իրատեսական ռազմաքաղաքական գնահատման համար։ Թրամփի հիշատակված հայտարարությունները ավելի ճիշտ է դիտարկել որպես հռետորական ազդակներ և ուժի ցուցադրում, այլ ոչ թե Իրանի դեմ պատերազմի ուղիղ նախապատրաստում։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ